
Ամանորն այն բացառիկ տոնն է, որն ունի իր հստակ գույնը, բույրը և, որ ամենակարևորն է՝ ձայնը։ Յուրաքանչյուրիս հիշողության մեջ Ամանորի հրաշքը սկսվում է մի երգից, որը տարիներ շարունակ փոխանցվել է սերնդեսերունդ՝ դառնալով մեր տոնական իրականության անբաժան մասը։ Բայց հրաշքն այն է, որ այդ երաժշտական պատմությունը երբեք կանգ չի առնում. հին ու սիրված մեղեդիների կողքին ծնվում են նորերը, որոնք գալիս են լրացնելու մերօրյա հեքիաթը։
Այսօր մենք խոսելու ենք հենց այդ հրաշքի, երգի ստեղծման խորհրդի և այն ջերմության մասին, որը երաժշտությունը բերում է մեր տուն։
Տոնական «Երգխոսության» հյուրերն են Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը և Լիլի Առաքելյանը՝ Yellowheart-ը։ Մանեն իր հետ բերել է Արթուր Գրիգորյանի թողած անգնահատելի ժառանգությունը՝ և՛ երգերի, և՛ հուշերի տեսքով, ինչպես նաև թատրոնի այսօրվա կախարդական շունչը։ Իսկ Yellowheart-ը կպատմի իր ամանորյա երգերի մասին, որոնք վերջին տարիներին դարձել են հայկական Ամանորի նոր ու ամենասպասված խորհրդանիշներից մեկը։