Վահե Քոթանյանը սիրում է այն ամենն ինչ կապված է ազգայինի հետ, բայց իրական ազգայինի։ Վահեն այն մարդն է, ով անշեղորեն և հստակ կարողանում է մի հայացք նետել ազգային թվացող նախշին և բացահայտել կեղծիքը։ Սոցցանցերում Վահեն հաճախ է օգնության հասնում մարդկանց, որևէ կասկածելի նախշ տեսնելիս մարդիկ միանգամից նշում են Վահեին հրապարակման տակ, Վահեն էլ սիրով բացահայտում է բոլոր կեղծիքները։ Հաճախ մարդիկ չեն կարողանում տարբերել ասենք թուրքական նախշերը հայկականից, և ինչպես ասում է Վահեն, ամեն խաչ և նուռ չէ, որ հայկական ազգային նաշխ կարող է դառնալ։
Վահեի բրենդը՝ SEMA-ն, հայկական արտադրության հագուստի բրենդ է, որի հիմքում ազգային տարազն է և ասեղնագործությունը: Սեման, կարելի է ասել, առաջարկում է այն ամենն ինչ կապված է հագուստի և զարդերի հետ։ Հիմնականում առաջարկվող տեսականին չի սահմանափակվում որևէ տեսանկյունից։ Վահեի հիմնած բրենդի հիմնական ուղղվածությունը հայկական ձևվածքների և ասեղնագործության, մանրանկարչության ամբողջական մշակույթի նորաձևության մեջ մտցնելու և իր տարածման ձևը առաջարկելու գաղափարն է։ Վահեն հստակ նշում է, որ նախշերի խեղաթյուրումը կամ հայկական տարազի իսպառ վերացումը կհանգեցնի հայկական մշակույթի, հայկական դիմագծի բնաջնջման և մեր մշակույթի տարալուծման, որովհետև հայկական դիմագիծն ու մշակույթն են միմիայն տարանջատում հայկականության սահմանները։ Այդ առիթով է նաև ստեղծվել այս բրենդը, ճիշտ է, հաճախ մարդկանց թվում է, թե նմանատիպ հագուստներ կրելն առօրայում հարմար չի լինի, կամ աչքին անսովոր կթվա, բայց Վահեն ունի դրա պատասխանը։
Նինա Մինասյանը մասնագիտությամբ ֆինանսիստ/ հաշվապահ է։ Տարիներ առաջ նորաստեղծ ընտանիքը որոշում է Հայաստանում տեղական արտադրության մաքրող միջոցներ արտադրել։ Դա 2005 թվականն էր։ Արդեն շուտով 18 տարի Նինան իր հիմնադրած ընկերությամբ կարողանում է ապացուցել, որ Հայաստանում հնարավոր է և պետք է ունենալ հայկական արտադրության մաքրող միջոցներ։
Տարիներ առաջ հումք ներկրելը հեշտ գործ չէր։ Հեշտ չէր նաև հայկական արտադրանքը շուկա հանելը, եթե այսօր քիչ թե շատ փոխվել է տեղականի հանդեպ վերաբերմունքը, այն ժամանակ դա շատ ավելի խիստ էր ընդգծված։ Դժվարություններ այդ առումով շատ են եղել, բայց Նինան ամուսնու հետ միասին կարողացել են հաղթահարել դրանք ու հասնել այն կետին, որտեղ հիմա են կանգնած։
Նինան ժպիտով է շեշտում, որ այն բիզնեսները, որոնք հիմնադրվում են մեր օրերում շատ ավելի հեշտ ճանապարհ են անցնում իրենց արտադրանքը ներկայացնելու հարցում։ Տարիներ առաջ դա խնդիր էր։ Սոցցանցերում ակտիվություն չկար, ստիպված էին առերեսում մարդկանց ծանոթացնել ապրանքատեսակներին։ Դա իրեն հատուկ դժվարություններն ուներ, բայց հետաքրիր էր նման փարձառություն ունենալը ու ըստ Նինայի, գուցե իրենք ասյօր այդքան ամուր կանգնած չլինեին, եթե չլիներ այդ դժվարությունների փունջը։
Հայաստանում՝ այսօր, բազմաթիվ արտադրողներ դժգոհություններ ունեն, որ իրենց ապրանքատեսակները լավ ցուցափեխկում չեն ցուցադրում խանութներում, առաջնահերթությունը տալիս են դրսի արտադրանքին, պատճառաբանելով, որ մարդիկ արդեն սովոր են դրանց, դրա տակ հաճախ թաքնված է միտքը, որ հայակական է, գուցե որակապես զիջի և իրենց առևտուրը լավ չլինի։ Ուրախությամբ կարող ենք փաստել, որ հաճախ այդ մտավախությունները ցրվում են, երբ մարդիկ գնում են ու գոհ մնում արտադրանքից։ Նինան պատմում է, որ մեծ դժվարությամբ բայց կարողանում էին հասնել նրան, որ իրենք խանութներում դասավորեն իրենց ապրանքը։
Նինան հպարտությամբ է խոսում իր արտադրանքի մասին, հպարտանում է իրենով, իր ընտանիքով, որ կարողացել են բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով ստեղծել հայկականը, դա և՛ սեփական հպարտանալիքն է, և՛ երկրի, ասում է Նինան։
2016 թվականին Մարիաննա Մկրտչյանի մտքով անցավ, որ կարելի է Հայաստանում հիմնել դեկորատիվ կոսմետիկայի արտադրություն։ Այդ տարիներին այդքան էլ մեծ տարածում չուներ ոլորտը, բայց Մարիաննան համառորեն առաջ գնաց, երևի բիզնես հոտառությունը նրան տարավ այն ուղղությամբ, որով նա կարողացավ այսօր արդեն ունենալ հաջողված բիզնես։
Մարիաննան ասում է, որ եթե անգամ Հայաստանում չապրեր, մեկ է խնամքի միջոցների արտադրության միտք ունենալու էր և գաղափարն առաջարկեր, այն ժամանակ ընկերոջը, այժմ ամուսնուն։ Սկզբում շատերը չեն հավատացել, որ կստացվի, որովհետև հայկական արտադրանքն այնքան էլ վստահություն չի ներշնչել, բայց դժվարությունների միջով անցնելով կարողացել են ստեղծել արտադրությունը։
Մարիաննան ժպիտով է ասում, որ երբ ընկերները այցելում են արտադրամաս, միանգամից անհրաժեշտ ստերիլ հագուստ են տալիս ներս մտնելու համար, մի կողմից զարմանում են, մյուս կողմից ոգևորվում, որ իրենց ընկերները կարողացել են Հայաստանում ստեղծել մի արտադրամաս, որտեղ պահպանվում են բոլոր ստանդարտները։
Մարիաննան փաստում է, որ Հայաստանում հաջողելու համար պետք է կարողանալ նախ լավ որակի արտադրանք տալ, հետո լավ հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ։ Որպես բիզնեսում հաջողելու ուժեղ կողմ նշում է իր՝ հաճախորդների հետ մտերիմ հարաբերությունների հաստատումն ու անկեղծությունը։ Մարիաննային շատերն են վստահում իրենց մաշկը, հպարտությամբ է ասում, որ իրենց խնամքի միջոցները դարձել են շատերի առողջ մաշկի գրավականը։
Երիտասարդ և գեղեցիկ մնալու ցանկությունը բոլոր տարիքի կանանց հավերժական մոլուցքն է, արդեն վաղուց նաև տղամարդիկ են սկսել հետաքրքվել խնամքի այնպիսի միջոցներով, որոնք մաշկը երիտասարդ են պահում։ Պատմաբաններն ապացուցել են, որ դեմքի, մարմնի և մազերի խնամքը դեռ հեռավոր անցյալում էր ակտուալ: Հին ժամանակներում կանայք, օրինակ, մաշկը խնամելու համար օգտագործում էին կավ և մոխիր՝ դեմքի և մարմնի համար դիմակներ ստանալու, ինչպես նաև դեկորատիվ կոսմետիկա ստեղծելու համար: Անցել են դարեր և մարդու պահանջմունքներում տեսականորեն շատ բան չի փոխվել։ Այսօր էլ մարդն ուզում է երիտասարդ և թարմ տեսք ունենալ՝ անկախ սեռից և տարիքից։ Օրինակ՝ Աննա Պողոսյանը, մասնագիտությամբ մանկավարժ երաժիշտ է, աշխատում է մանկապարտեզում և դպրոցում, բայց կյանքի ինչ-որ շրջանում հասկանում է, որ պետք է դեմքն սկսել խնամել բնական միջոցներով և ծերացման ընթացքը փոքր ինչ հետաձգել։
Մայր բնությունը կարծես իդեալական է հոգացել մարդու մասին։ Օրինակ՝ ստեղծել հատուկ բույսեր, մրգեր և բանջարեղեն, որոնցով կարելի է պատրաստել խնամքի այնպիսի միջոցներ, որոնք կարող են դեմքն ու մաշկը հարթ և թավշյա պահել։ Աննան որոշում է օգտվել այդ հնարավորությունից և որոշում է բնության հետ համագործակցելով բիզնես գործունեություն ծավալել։ Աննան Հայաստանում է սովորել այս ոլորտի բոլոր նրբությունները։ Սկզբից օճառագործություն է սովորել, հետո կամաց-կամաց անցել է խնամքի միջոցներ պատրաստելուն։
Աննան անկեղծանում է, որ մեր օրերում շատ են մարդիկ, ովքեր սկսել են խնամքի միջոցներ արտադրել, ոմանք բարեխիղճ են և հայկականի անունը ամեն հնարավոր ձևով բարձր են պահում, ոմանք էլ պարզապես իրենց բիզնես շահերն են առաջ տանում, իր մասով էլ փաստում է, որ որքան էլ դժվար լինի Հայաստանում բիզնեսով զբաղվելը, ինքն ամեն բան անում է, որ բարեխիղճ արտադրող անունը վաստակի։ Հայաստանը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, եթե մի բան անորակ լինի, կամ թերանա, հաստատ իր ստեղծածի անվան վրա բիծ կմնա, որն էլ կանդրադառնա ընդհանրապես հայկական արատադանք պիտակն ունեցողների վրա։ Այս բիզնեսը հիմնադրվել է 10-ը հազար դրամով։ Հայաստանում, փաստերոն, մարդիկ կարողանում են չնչին գումարով բիզնես սկսել։
Աննան մեծ ցանկություն ունի արտահանման, դա իր երազանքն է, ոչ միայն բիզնես տեսանկյունի շահերից, այլև հայկականը աշխարհին հայտնի դարձնելու համար։ Ինքը հավատում է իր երազանքին։
Այս էպիզոդում պատմելու եբք մի սոցիալական ձեռնարկատիրության մասին, որի հեղինակները Նարեկի մայրն ու հայրն են՝ Լենա Հարությունյանն ու Լևոն Թոփալյանը։ 2016 թվականին հիմնադրվում է վերականգնողական TMM կենտրոնը, որտեղ զարգացման առանձնահատկություններ ունեցող 150-200 երեխա է հաճախում, 15 և ավել աշխատակից ունեն, ովքեր թիմային աշխատանքով զարգացնում են երեխաների հմտություններն ու լուծում խնդիրները։
2020 թվականին ամուսինները որոշեցին նոր քայլ անել և լուծել իրենց որդու ու նրա նման երիտասարդների զբաղվածության հարցը։ Լևոնն սկսում է ուսումնասիրել շուկան, հետո պայմանավորվածություն է ձեռք բերում հայկական խոշոր արտադրողներից մեկի հետ, որից վերցնում են պատրաստի անձեռոցիկներ, որոնք երիտասարդները տեղավորում են այնպիսի տուփերում, որ կարիք չկա սոսնձելու, դրանք կտրված են այնպիսի տեխնիկայով, որ կարելի է ձեռքով հավաքել։ Սա լավ առիթ էր նաև տեղեկատվական արշավի տեսանկյունից։ Լենան փաստում է, որ աուտիզմ ունեցողներն այսօր չեն կարողանում աշխատանք գտնել, այն գործարանները, որտեղ մտածել են տղայի համար աշխատանք գտնել, նույնպես խնդիր են ունեցել հարմարվելու և վստահելու։ Իրականում երիտասարդների զբաղվածությունն ապահովելու միտքն ավելի հասունացավ, երբ համավարակ էր։ Լենան հասկացավ, որ Նարեկի համար պետք է ստեղծել զբաղվածությունն ապահովելու մի հետաքրիր միջավայր, որը նաև աշխատանք կդառնա նրա և մյուս երիտասարդների համար։
Այս բիզնեսը նաև համագործակցային է, օրինակ՝ այդ անձեռոցիկներից օգտվում է Փիթսարտը, տարբեր վերականգնողական կենտրոններ, բարեգործական հիմնադրամներ։ Երիտասարդները գիտեն, որ ամեն ամիս իրենք հստակ քանակով անձեռոցիկ պետք է հավաքեն, ոգևորվածությունը մեծ է, ասում է Լենան, որքան շատ պատվեր լինի, այդքան կկարողանան ընդլայնվել և աշխատանքով ապահովել նոր երիտասարդների։ Երիտասարդները վարձատրվում են այնպես, ինչպես մյուս գործարանների աշխատակիցները։ Դա նրանց ոգևորում է ու պատասխանատվություն առաջացնում, թե իրենց, թե իրենց կատարած աշխատանքի հանդեպ։ Լևոնը հաստատում է Լենայի ասածներն ու ավելացնում, որ հնարավոր է մի քանի խնդիր միանգամից լուծել, եթե բավարար քանակությամբ ֆինանսական միջոցներ ունենան, այս պահին աշխատում են այդ ուղղությամբ։ Հայաստանում հնարավոր է ստեղծել ամեն ինչ, միայն թե քաղաքացին պետք է մի քիչ ցանկություն ունենա, մի քիչ էլ պետությունը, ասում է Լևոնը։
Մովսես և Արամ Աթյանները հրաժարվելով իրենց հիմնական մասնագիտությունից որոշել են գրաֆիկ դիզայն սովորել և խորանալ այդ ժամանակակից մասնագիտության մեջ։ Եղբայրների հիմնադրած ընկերությունը, որը հետագայում դարձավ նրանց բիզնեսը, զբաղվում է բրենդինգով, փաթեթավորման դիզայնով և զուգահեռ էլ իրենց մասնագիտական հմտություններն են փոխանցում եկող սերունդներին։
Արամը մասնագիտությամբ ինժիներ է, բայց այնպես էր ստացվել, որ համալսարանական տարիներին ապագա կնոջ դասերին մի քանի անգամ ներկա լինելուց հետո զգացել էր, որ ինքն էլ է հավանում այդ մասնագիտությունը և տարիներ անց, արդեն ներկա կնոջ մասնագիտությունը «գողացած» Արամը դառնում է գրաֆիկ դիզայնի մասնագետ։
Եղբայրները սկսում են ֆրիլանս հարթակներում աշխատել, քանի որ ընտանիքի և երեխաների հետ արդեն դժվարանում էին տանից աշխատելը, հետո գործերը լավացան, հասկացան, որ պետք է առանձին աշխատանքային կենտրոն ունենալ, այդպես ստեղծվեց ներկայիս դպրոցն ու աշխատավայրը։
Արամն էլ, Մովսեսն էլ փաստում են, որ իրենց աշակերտների մեծ մասն իսկապես հետաքրքրությունից դրդված է դիմում իրենց։ Հետքարքիր վիճակագրություն ունեն տարիների փորձից ելնելով՝ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ չեն կարող գրաֆիկ դիզայնով զբաղվել, հենց նրանք են լավագույն մասնագետները դառնում, իսկ մինչ ընդունելությունը, եղբայրները փոքրիկ հարցազրույցի միջոցով արդեն պատկերացում են կազմում տվյալ աշակերտի հետագա մասնագիտական հաջողությունների մասին։
Բիզնեսում ներդրումների հարցը եղբայրները չեն մանրամասնում, բայց ամեն ինչ արել են, որ Հայաստանում գործող դպրոցը լինի հարմարավետ, ուսանողները սիրով գան դասերին և առավելագույնս ազատ և անկաշկանդ մթնոլորտում աշխատեն և սովորեն։ Եղբայրներն այսօր աշխատում են հայ արտադրողների հետ։ Փաստում են, որ այսօր հայաստանի շուկայում շատ են լավ արտադրանքները, պարզապես պետք է լավ բրենդինգ արվի, դա էլ ապահովում են իրենք։ Գրաֆիկ դիզայնը խնդիր լուծող մասնագիտություն է, ասում է Արամն ու հիշեցնում, որ դիզայնի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշել է ՏԻԿ ՏՈԿ սոցիալական հարթակում լոռվա բարբառով տեսահոլովակներ պատրաստել, որտեղ ամեն անգամ մի բան է սովորեցնում։
Լեզվաբան Գայանե Սիմոնյանը մի օր արթնանում է ու որոշում, որ պետք է մեղվաբուծությամբ զբաղվի։ Քաղաքից տեղափոխվի մարզ, մեղվաընտանիքներ գնի, սկսի մեղուների լեզուն սովորել և այդպիսով բիզնես հիմնել։
Գայանեն մեղուների հետ հաղորդակցվում է առանց որևէ պաշտպանիչ իրերի՝ ձեռքերը միշտ բաց են, իհարկե, մեղուների խայթոցից չի խուսափել, բայց ասում է, որ դրանք իր բժշկուհիներն են, որ գալիս են ու ժամանակ առ ժամանակ ներարկումներ անում, այդպես բուժում մի շարք առողջական խնդիրներ։ Գայանեն մեղուների հետ հաղորդակցման ժամանակ կարծես դառնում է նրանց մեղվաընտանիքի մի մասնիկը, այդպես է երիտասարդ լեզվաբանն աշխարհից կտրվում։
Քիչ-քիչ, քայլ առ քայլ է Գայանեն թիմի հետ միասին փորձ ձեռք բերել, թվում է մտնում ես ոլորտ, մի քանի բան ուսումնասիրում և վերջ, մեղվաբույծ ես, բայց Գայանեի համար դժվարությունները շատ են եղել, ամեն ինչ սկսել է զրոյից, թե՛ ֆինանսական ներդրումների մասով, թե՛ մարդկանց տեղեկացնելու, սովորեցնելու, որ երիտասարդ աղջիկ լինելը խոչընդոտ չէ մեղվապահությամբ զբաղվելու համար։
BEELIFE ընկերությունը զբաղվում է նաև մեղվազբոսաշրջությամբ՝ ք. Սպիտակում։ Բացի այդ արտադրում են մեղվամթերքներ ` մեղր, ակնամոմ, ծաղկախյուս, մայրակաթ, մեղրամոմից մոմեր, մատուցում են ապիթերապիայի ծառայություն` փեթակի օդով բնական ինհալացիաներ անմիջապես մեղվանոցում, սա նորություն է Հայաստանում։
Բիզնես ներդրումների մասին խոսող ամենացայտուն օրինակը Գայանեի սրճեփն է, որը տեղադրված է արտադրամասի ամենաերևացող տեղում։ Գայանեն միշտ հպարտությամբ է ներկայացնում սրճեփը, այն պատմություն ունի, ճանապարհ է անցել ամբողջ թիմի հետ։
Գայանեն հաճախ է համեմատականներ տանում մեղուների ու մարդկանց միջև, փաստում է, որ մեղուներից շատ բան կա սովորելու, նրանց պետք է լավ պահենք, որ մենք էլ լավ ապրենք, ասում է Գայանեն ու բոլորին հրավիրում Սպիտակում գտնվող իր մեղվանոց՝ ծանոթանալու ու մոտիկից շփվելու մեղվաընտանիքների հետ։
Հովհաննիսյան Հարությունը երկար տարիներ բնակվել է Ռուսաստանի դաշնությունում, բայց Հայաստան գալու միտք միշտ է ունեցել, կապն էլ ամուր է եղել։ Պերմ քաղաքի հայ համայնքում էր Հարությունն իր զբաղվածության հարցը լուծում, երիտասարդների հետ բազմատեսակ նախագծեր էր կազմակերպում և մասնակցում, որոնցից մեկի ժամանակ էլ հանդիպում է կյանքի սիրուն և հետագայի «բիզնես գործընկերոջը»։ Անին ու Հարությունն ընտանիք են կազմում Հայաստանից դուրս։ Երեխայի ծնունդից հետո զգում, որ մինչ այդ հայրենիք վերադառնալու միտքն ավելի է սրվել, պետք է հավաքել իրերը ու տոմս գնել։ Սկզբից Հարությունը վերադարձավ, հետո ընտանիքի անդամները միացան նրան։ Լավ էր տրամադրված, Հայաստանն էլ լավ ընդունեց երիտասարդին, աշխատանք գտավ միանգամից, երբ հասկացավ, որ արդեն կարող է ընտանիքին ապահովել, բոլորը միացան Հայաստանում։
Հարությունի բիզնես գաղափարը պատահաբար է ծնվել։ Փայտի հետ աշխատելու փորձ ձեռք է բերել մի ռուս տղամարդու մոտ, այդպես սիրել է արհեստը։ Օրերից մի օր Հարությունը տղայի համար մահճակալ է փնտրում փայտից, հասկանում է, որ այստեղ իր ուզածը չկա, ելքը՝ սեփական ձեռքերով պատրաստելն էր, այդպես հիմնադրվեց փայտե իրերի պատրաստման բիզնեսը։ Հարությունն ամեն հարմար առիթով նշում է, որ Հայաստանում մարդիկ ուրիշ են, լավն են, կարծրատիպը, որ այստեղ դժվար է մարդկանց հետ բիզնես հարաբերություններ հաստատել, ջարդվում է, սեփական փորձից ելնելով է ասում։ Անին մասնագիտացել է ֆինանսների ոլորտում։ Աշխատքնը ստեղծագործական չէ, բայց ամեն հարցում փորձում է աջակցել ամուսնուն, Հարությունը կես կատակ կես լուրջ ասում է՝ ֆինանսական հարցերով զբաղվում է Անին, ստացվում է բիզնեսի տնօրենը կինս է։
Եթե չլիներ ընտանիքի աջակցությունը, մի քանի անգամ դժվար կստացվեր հաջողելը, ասում է Հարությունն ու պատմում վերջերս պատահած մի դեպքի մասին, երբ հասկացել է, թե որքան արժեքավոր է ընտանիքի անդամների օգնությունը, երբ որոշում ես միայնակ բիզնես հիմնել ու փորձել արագ հաջողել։ Հարությունը փորձում է ամեն բան անել, որ պատվերը հաճախորդների սրտով ստացվի, հասկացել է՝ ցանկացած գաղափար էլ իրագործելի է, եթե կա ցանկություն թե հեղինակի, թե պատվիրատուի մոտ։ Հայաստանում նոր մշակույթ է ցանկանում տեղայնացնել, եթե ապրանքի գինը բարձր է, պատվիրատուն կարող է գնալ և Հարությունի արհեստանոցում իր հետ աշխատել և օգնել, այդպես նաև մասնակից լինել սեփական իրի պատրաստման գործին։
Ամուսինների համար կարևոր է նախ Հայաստանում սեփական տուն ունենալը, հետո սեփական հարմարավետ աշխատավայրը, որտեղ Հարությունը հանգիստ կարող է և աշխատել ու ստեղծագործել, և ընտանիքի հետ լինել, Անին երազելով է պատմում ցանկության մասին, բայց հոգու խորքում գիտի, որ այդ ցանկությունները սարերի հետևում չեն։
Մարինե Թունյանը MARA MOOD-ի հեղինակ հիմնադիրն է։ Մասնագիտությամբ քաղաքագետ է, անգլերեն լեզվի մասնագետ, նաև կրտսեր ֆինանսիստ է, աշխատանքի բերումով արդեն 20 տարի աշխատում է որպես ծրագրերի համակարգող։ Մարինեն մանդալաներ է նկարում տարբեր իրերի վրա, այդպես հիմնադրվել է մի բիզնես, որն ավելի շատ կարելի է ասել էներգիայի փոխանակում է հեղինակի և պատվիրատուների միջև։
Մարինեի համար մանդալաները թերապիայի պես մի բան են։ Առողջական խնդրիներից առաջ Մարինեն շատ էր նկարում, ու հետո է հասկացել, որ դա գուցե նախապատրաստական շրջան էր, որ առողջական խնդիրները հեշտ լուծելի լինեն և ինքը հոգեպես պատրաստ լինի: Բիզնեսի հիմնաքարը դնելուց մեծ դեր են ունեցել Մարինեի ընկերները։ Նրանք իրենց ներդրումն են կատարել բիզնեսում՝ գնելով մի քանի իր։
Մարինեի երազանքներում մեծ տեղ ունի մարդկանց օգնելը՝ իր արվեստով, էներգիայով, մտքերով։
Դավիթ Կարախանյանը առաջին մանսագիտությամբ ինժեներ է, երկրորդ մասնագիտությունը սովորել է հանրային կառավարում բաժնում, երրորդն արդեն միջազգային հարաբերություններն են։ Կարծում է, որ ամբողջ կյանքում սովորելու է՝ անկախ տարիքից և զբաղվածությունից։ Դավիթը նաև մեծ սեր ունի սպորտի հանդեպ, այդ առիթով էլ տարիներ առաջ որոշում է բացել մի մարզասրահ, որը հետագայում դառնալու էր այսօրվա բիզնես գաղափարի՝ չգիրացնող առողջ սնունդ արտադրելու իրագործման շարժիչ ուժը։
Բաղադրատոմսի հեղինակը Դավիթն է։ Փաստորեն բարդ բան չկա, գրանոլա պատրաստելն այնդքան էլ դժվար չէ, ասում է Դավիթն ու ավելացնում, որ ինժեներ լինելով էլ կարելի է պատրաստել մի այնպիսի առողջ սնունդ, որը դուր կգա բազմաթիվ մարդկանց և կարժանանա անգամ բժիշկնեի դրական արձագանքին։
Բաղադրատոմսի մեջ օգտագործվում է տեղական հումք, սա ըստ Դավիթի կարևոր նախապայման է, երբ հայկական արտադրություն պիտակն ես ամրացնում արտադրանքի վրա և հետո․․և հետո ինչու միասնական աշխատանքով չստեղծել լավագույնը։
Դավիթն իր բիզնեսը անվանում է ընտանեկան։ Զբաղվածության հետ հասկացավ, որ ինքը չի կարող միշտ պատրաստել սալիկները, օգնության հասավ քույրը, ում Դավիթն անձամբ է սովորեցրել պատրաստման ընթացքը։
Դավիթն ուրախ է, որ կարողանում է Հայաստանում բիզնես գործունեության ծավալել, բայց փաստում է նաև, որ դժվարությունները բազմաթիվ են, ու դրանք հաղթահարվում են շնորհիվ մտքի, որ Հայաստանում պետք է արարել, որքան էլ դժվար լինի, սա մեր երկրիրն է ու միասնական պետք է առաջ շարժվել։
Հայկական արտադրություն ունենալը (ցանկացած ոլորտում) հրաշալի է, բայց գուցե կան բիզնես շահեր, որոնք դեռ չենք կարողանում համատեղել, օրինակ՝ հաճախ խանութներում հայկական արտադրանքը այնպես չի ներկայացվում, ինչպես օրինակ դրսինը, տեսանելի տեղում չեն դնում, կասկածում են վաճառքի հարցում և ուշադիր չեն լինում, բայց դա էլ է լուծելի հարց, ասում է Դավիթը, ժամանակի և բանակցային հմտությունների հարց է։
Դավիթը երբեք գոհ չի լինում, դա ըստ նրա, շարժիչ ուժ է ավելի զարգանալու և առաջ գնալու համար, չնայած պետք չէ լինել նաև խիստ քննադատ, սխալվելն էլ է նորմալ, չսխալվելն էլ։ Ապագայում նախատեսվում են նոր առողջ սննդի արտադրություն, կարևոր նախապայմանով՝ պահել հայկական արտադրանքի որակը։
Հեղինե Համբարձումյանն ամուսնու հետ միասին սկսել են արտադրել շան հայկական արտադրության բնական կերեր։ Սկզբում գումար չեն ունեցել բիզնեսում ներդնելու համար, փոխարենը մեծ է եղել կամքն ու ցանկությունը։ Հեղինեն պատմում է, որ շատ դժվարություններ են ունեցել, հետո աստիճանաբար ամեն հարց տեղն են գցել ու սկսել մեծ քանակի արտադրությունը։
Արտադրական ընթացքը մի քանի փուլով է իրականանում։ Հեղինեն ասում է, որ մեծ ուշադրություն են դարձնում թե մթերքների որակին, թե մաքրությանն ու օգտակարությունը, երբևէ միտք չի եղել, որ արտադրվում է շան համար, ուրեմն կարելի է թերանալ մի քիչ։
Աշխատանքն իսկզբանե բաժանված էր երկու մասի։ Ամուսինն իր աշխատանքով էր զբաղված, Հեղինեն՝ իր։ Այսօր, սակայն, աշխատանքի շատացման ֆոնին թիմն ընդլայնվել է։ Բիզնեսի զարգացմանը զուգահեռ նաև ավելանում են պատվերները արտերկրից, ապագայի ծրագրերում արտահանումն է և կատվի կերի արտադրություն սկսելը։ Հեղինեն վստահ է՝ կենդանիները սիրել են իրենց արտադրանքը, պետք է շարունակել գործը։
Էդիտ Սիմոնյանը մասնագիտությամբ ճարտարապետ է, երկար տարիներ զբաղվել է նաև երաժշտությամբ, բայց շատ է ցանկացել ճարտարապետական կրթություն ստանալ, սովորել է, մասնագիտացել հետո գտել է իր ծաղիկնեին և մոռացել ամեն բան։
Ռոզա Աղայանը Գյումրեցի է, այնտեղ է անցել երիտասարդության մեծ մասը, հետո ամուսնացել է և տեղափոխվել Երևան։ Մասնագիտությամբ տնտեսագետ հաշվապահ է, ֆինանսաբանկային համակարգում քիչ է աշխատել, երեխաների ծնունդից հետո դուրս է եկել աշխատանքից և զբաղվել նրանց խնամքով։ Ռոզայի մտքով երբեք չի անցել, որ կարող է բինզեսով զբաղվել, այն էլ տնից՝ երեխաների խնամքին զուգահեռ։
Ռոզան սկզբից մտավախություն է ունեցել, որ չի ստացվի։ Մի բան է սեփական երեխայի համար ինչ-որ ձեռագործ իր պատրաստելը, մեկ այլ բան դա անծանոթ մարդկանց առաջարկելը։ Բայց սկսում է թղթի հետ աշխատանքը։ Դժվարությամբ է գտել նյութերն ու անհրաժեշտ պարագաները, նաև ինֆորմացիա արհեստի այս ճյուղի մասին, որը ծնունդ է առել Չինաստանում։ Հայ մասնագետների չէր ճանաչում այդ ժամանակ, օգնության են հասնում յութուբի վիդեո դասերը։
Ռոզան փաստում է, որ թղթի ամրության վրա պետք չէ կասկածել․ կարելի է նաև պատրաստել կահույք, իհարկե այսօր Հայաստանում այդ տեխնիկայով կահույք պատրաստելն ու օգտագործելը տարածված չէ՝ մտավախությունների պատճառով, բայց Ռոզան անհրաժեշտ քայլեր ձեռնարկում է։ Ռոզայի բիզնեսը հիմնադրվել է 13 հազար դրամով։ Գուցե ավելի շատ լիներ, եթե իմանար այդ գործի նրբությունները, բայց ինչպես ասում է Ռոզան, սովորելու և կատարելագործվելու համար պետք է ինչ-որ բանից սկսել։
Վերջերս Ռոզային մոտ տասը հոգի հարցրել են՝ արդյո՞ք նա չի դասավանդում այս արհեստը։ Հասկացել է, որ պահանջարկ կա, պետք է աշխատել փոքրիկ դպրոց բացելու ուղղությամբ։
Եթե տարիներ առաջ Մարինեին որևէ մեկն ասեր, որ գալու է մի օր և նա հաց թխի, կծիծաղեր և կանցներ առաջ, չնայած նրան, որ կարողանում է համեղ ուտեստներ պատրաստել։ Այսօր Մարինեն թթխմորով հացեր է պատրաստում և վաճառում։ Մարինեն իրեն պրոֆեսիոնալ հացագործ չի համարում։ Ինքնուս է, բայց ընկերներն այնքան են ասել, որ ամեն բան ճշգրիտ ու սիրով է պատրաստում, որ հարմարվել է մտքին, որ ինքնուս լինելով էլ կարելի է պրոֆեսիոնալ լինել։
Համավարակի ժամանակ շատերն սկսեցին հաց թխել, հատկապես թթխմորով։ Ոմանց համար դա պահի ազդեցության տակ կայացրած որոշում էր, որ գաղջը ցրվի մի քիչ, ոմանք էլ լուրջ ընդունեցին այդ ամենն ու սկսեցին ավելի խորանալ, ինչպես Մարինեն։ Մարինեն սիրում է իր նոր մասնագիտությունը։ Ընտանիքում հաց շատ են սիրում ուտել, երևի ենթագիտակցորեն հաց թխելու միտքն այդպես գրավեց Մարինեին, այսօր իր փոքրիկ բիզնեսն ունի, որը, չնայած հիմա չի կարողանում մեծ ֆինանսական եկամուտներ բերել, բայց պոտենցիալ ունի։
Մեր մշտական ռադիոլսողները գիտեն, որ այս հաղորդումը բիզնես ունեցող մարդկանց մասին է, իսկ ովքեր առաջին անգամ են լսում, տեղեկացնեմ, որ հաճախ մեզ հյուր են գալիս արվեստագետներ, որոնց հետ հաղորդման ֆորմատը հաճախ իքնըստինքյան փոխվում է։ Մենք սկսում ենք խոսել արվեստից, խորանալ այդ հրաշալի աշխարհում և մոռանալ, թե ինչի համար ենք հավաքվել։ Բայց մեկ է, որքան էլ մեր սիրելի արվեստագետ ընկերներն ասեն, որ արվեստը բիզնեսի հետ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ, մենք փորձում ենք հակառակը ցույց տալ։
Մեգգի Տաբիրյանն ու իր փոքրիկ բիզնեսը վերոնշյալի վառ օրինակ են։
Բիզնես ունենալու միտք Մեգգին չուներ։ Պատահական եղավ այդ աշխարհ մտնելն ու սեփական ձեռքերով արտադրածը վաճառելու գործընթացը։
Արվեստագետն այժմ փոքրիկ բիզնես ունի։ Համոզվել է, որ կարելի է համատեեղել հիմնական աշխատանքը բիզնեսի հետ, կարելի է նաև մի քանի գույն իրար խառնելուց հետո մեկ այլ գույն ստանալու պես իրար խառնել նաև բոլոր հետաքրքրություններն ու ստանալ մեկ այլ, ավելի հետաքրքիր զբաղմունք, կարևորը, ինչպես ասում է Մեգգիին, աշխատասեր լինես ու գեղեցիկը տեսնես ամեն ինչում։
Լիանա Միլիտոնյանը երազանքներ կարծես թե չունի, համենայնդեպս մեզ այդպես ասաց։ Ավելի շուտ դրանք նպատակներ են. ինքը ռեալիստ է։
29- ամյա Լիանայի կյանքը ծնված օրից է դժվարություններով անցել։ Փոքրիկը պարզապես շտապել էր, մեկ երկու շաբաթ շուտ էր որոշել հանդիպել ծնողներին, բայց չգիտեր, որ հանդիպումը փոքր ինչ դժվարություններով կստացվի։
Լիանան դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է քոլեջ, այնտեղ ուսումնասիրում հաշվապահություն, դառնում մասնագետ, բայց աշխատանք գտնելու դժվարությունները Լիանային նոր հոբբի են «առաջարկում», որ կյանքն ավելի գունեղ դառնա, նաև աշխատանք ունենալու հարցը լուծվի։ Լիանայի մայրը դերձակ է, սերը կար ու ձևի հանդեպ մայրիկի միջոցով է առաջացել։ Լիանան այսօր բժշկական համազգեստներ է կարում և վաճառում, այդպես նաև իր սիրելի բժշիկներին շնորհակալություն է հայտնում իր առողջական վիճակի համար։
Լիանան բժշկական համազգեստները ստանդարտ չի կարում։ Ստեղծում է այնպիսիք, որոնք խանութներում չկան, և հետո իր աչքին էլ են հաճելի նոր դիզայնով, նոր մոտեցումներով համազգեստով բժիշկները։ Ասում է, որ վեց ամսվա մեջ ամենաշատը կանայք են հագուստ պատվիրել, մեծամասնություն են կազմում ատամնաբույժները, իհարկե, տղամարդիկ էլ հետ չեն մնում գեղեցիկ հագուստ հագնելու ցանկությամբ, Լիանան ուրախ է, որ այսօր կարողանում է սիրելի բժիշկների համար ստեղծել իրենց սրտի համազգեստը։
Եթե անկեղծ լինենք, Լիանան գուցե այս բիզնեսը չսկսեր, եթե չլինեին աշխատանք գտնելու դժվարությունները։ Հոգեհուզական լարված ապրումների գերին չդառնալն ու չկոտրվելու մեծ ցանկությունը Լիանայի համար կյանքի նոր ուղի գծեցին։
Լիանայի բիզնեսում ներդրում կատարած մայրիկը միշտ է ոգևորել և թիկունքի անտեսանելի թևերն ավելի ամրացրել։ Լիանան իր փորձով հասկացել է, որ հաշմանդամություն ունենալը դատավճիռ չէ, ծնողները պետք է հասկանան, որ իրենց երեխային ամբողջ կյանքում չեն կարող խնամել, ուստի պետք է ինքնուրույն թողնեն, ասում է Լիանան։
Արթուր Ղազարյանն ու Աիդա Աթաբեկյանն ամուսիններ են։ Իրենց գործունեությամբ, որպես հասարական կազմակերպություն և կանանց սոցիալական ձեռնարկություն, անում են ամեն ինչ, որ առաջին հերթին շահի համայնքը, քաղաքը և շահառուները։ Դիլիջանի երիտասարդ կանանց և տղամարդկանց հմտություններն ու կարողությունները բացահայտելով, նրանց փորձում են դարձնել ավելի պատասխանատու և նախաձեռնող քաղաքացիներ։
Ամուսինները «ԱՐՄԵՆԵԿՈՊ» կանանց սոցիալական ձեռնարկության հիմնադիրներն են։ Այն հիմնադրվել է 2018 թ-ին, նպատակը երիտասարդ կանանց զբաղվածության խթանումն է, նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավումը, որի համար յուրաքանչյուր տարի հավաքագրում են 20 գործազուրկ կին՝ Դիլիջան խոշորացված համայնքից, նրանց համար կազմակերպում անվճար համակարգչային հմտությունների, անգլերենի, ձեռանրկատիրության և կարուձևի դասընթացներ։
Սոցիալական ձեռնարկատիրության հիմքում ընկած է սոցիալական որևէ խնդիր, որի հիման վրա էլ իրակականում են բիզնես գաղափարները։ Այս բիզնեսի արդյունքում կանանց գերակշիռ մասը կարողանում է աշխատանք գտնել, իսկ մյուսներին աշխատանքով ապահովում են կազմակերպության արտադրական հատվածում։
Այս պահին սոցիալական ձեռնարկությունն ունի 3 հիմնական աշխատող, մեծ պատվերների դեպքում կարողանում են գործարքային հիմունքներով ընդգրկել ևս 3 կնոջ՝ հենց իրենց շրջանավարտներից։ Արտադրում են մատիտների տուփեր և կտորե էկո պայուսակներ, դրանք դիլիջանյան պատկերներով են, պայուսկներ արտադրելու հիմնական նպատակը պլաստիկից հրաժարվելն է, այդ առիթով յուրաքանչյուր տարի պատրատում են 500 կտորե պայուսակ և անվճար բաժանում առևտրի կետերում։ Մատիտի տուփերն ու պայուսակներն առաջին արտադրանք են, որի պիտակի վրա գրված է Made in Dilijan: Ըստ Աիդայի, սա կարևոր հանգամանք է Դիլիջանի՝ զբոսաշրջային քաղաք լինելու համար։
2022 թվականին Սվետանան և Հայկն ամուսնացան։ Առանց հարսանեկան արարողության՝ հայտնի պատճառներով։ Տեղափոխվեցին Մոսկվա։ Հետո երկուսն էլ հասկանում են, որ Հայաստան պետք է տեղափոխվել հնարավորինս շուտ։ Սվետլանան ամուսնու և ընտանիքի հետ տեղափոխվում է Լոռի։ Այնտեղ ընտանիքով բիզնես են հիմնել։ Սեփական հյուրատունն են ստեղծում՝ կոլորիտային, հետաքրքիր և նմանը չունեցող։
Հյուրատուն ունենալու գաղափարը վաղուց կար Սվետլանայի գլխում։ Մի օր ամուսնու հետ խոսելու ընթացքում բարձրաձայնում է ու պարզվում է՝ ամուսինն էլ դեմ չէ հյուրատուն ունենալու գաղափարին։ Լոռվա ընտրությունը պատահական չէր։ Մաքուր օդը, մարդիկ և կանաչը ամուսիններին տարան դեպի Լոռի։
Բաբկեն Ղարաբաղցյանն ու Ռուզաննա Խաչատրյանն ամուսիններ են։ Միասին հիմնել են իրենց փոքրիկ բիզնեսը։ Բաբկենը թրեր, դանակներ, կաշվե և փայտե իրեր է պատրաստում, բոլորը կրեատիվ լուծումներով։ Մեկ ապրանքից երկու անգամ չի պատրաստում, նրա պատվիրատուները գիտեն, որ իրենց համար ստեղծված իրը միայն իրենք ունեն, իսկ Ռուզաննան զբաղվում է ամուսնու գործունեությունը լուսաբանելով։ Միասին բացել են յութուբյան ալիք, որտեղ ցուցադրում են իրերի պատրաստման ամբողջ ընթացքը։
Լիլիթ Հակոբյանը մասնագիտությամբ ծրագրավորող է։ Արվեստի բնագավառից հեռու մասնագիտությունը, սակայն, Լիլիթը շատ է սիրում։ Արվեստի հետ սկսել է ծանոթանալ դեռ վաղ ժամանակներից, նկարում էր և վաճառում նկարները։ Լիլիթի հետաքրքրություններին գումարվել է նաև սպորտը, այդպես կարողանում է փախչել իրականությունից, հանգստանալ ու թեթևանալ, բայց ամենալավ ու արդյունավետ միջոցը շարֆերի վրա ստեղծագործելն է։ Տարիների ընթացքում Լիլիթը մասնագիտանում է ծրագրավորման ոլորտում, ամբողջ ժամանակն ու էներգիան տալիս այդ աշխատանքին։ Արդեն քիչ ժամանակ էր ունենում նկարելու համար, և վաճառելու փոխարեն պարզապես նկարում էր։ Դա առաջին հղիության ժամանակ։ Երկրորդ հղիությունը Լիլիթի համար ստեղծագործական շատ դռներ բացեց։ Մուսայի պակաս չկար, մարդիկ էլ «պահանջում» էին նրա ձեռքով պատրաստված շարֆերը։
Սզբից Լիլիթը միայն նկարում էր մետաքսե կտորների վրա, հետո հասկացավ, որ բարձր գնի պատճառով դրանք քիչ են վաճառվում, սկսեց նաև իր նկարածները տպագրել։ Երկու երեխաների մայրիկը համոզված է, որ եթե ցանկություն ունես, հաստատ հասցնելու ես ամեն ինչ, դա գերբնական ուժ է, որը հատուկ է միայն մայրիկներին։ Աշխատում է հիմնականում գիշերները, բայց սիրով ու սրտանց է պատրաստում յուրաքանչյուր պատվեր։ Բիզնեսում ունեցած ձախողումների մասին Լիլիթը չի խոսում, նախընտրում է լուռ շտկել դրանք։
Լիլիթի ապագայի ծրագրերը կապված են արտահանման հետ։ Ճիշտ է, այդ ուղղությամբ քայլերից միայն մեկն է արել՝ սոցցանցերի էջերում նաև անգլիատառ գրելը, բայց վստահ է, որ հաջողելու է։